Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնել ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ։ «Դեռևս 2016 թ. մայիսի 23-ին հայտարարել էի, որ 2017 թ. առաջին եռամսյակին պատրաստվում եմ հրաժարական ներկայացնել Արցախի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից: Այսօր՝ Արցախի Հանրապետության նախագահը, իմ դիմումի համաձայն, ազատել է ինձ զբաղեցրած պաշտոնից: ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության նախագահին և վարչապետին, գործընկերներիս, որոնց հետ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած տարիներին իրականացրել ենք բազում ծրագրեր:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող այն հայրենակցիներին, ովքեր հետևել են իմ կոչերին և նախաձեռնություններին և իրենց մասնակցությունն են բերել Արցախում իրականացվող ներդրումային և բարեգործական ծրագրերին: ՈՒզում եմ տեղեկացնել, որ շարունակելու եմ իմ մասնակցությունը բերել Արցախի սոցիալ-տնտեսական, ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանը: Առաջիկայում հիմնելու եմ հասարակական կարգով խորհրդատվական գրասենյակ, որը զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնել ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ»,- Facebook-յան իր էջում գրել է Արթուր Աղաբեկյանը։